AM
26 Նոյեմբեր 2025 - 12:30 AMT

Սիմոնյան․ Գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի՝ վերադառնալու են բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանում հաստատված 23 գերի կա։ Նա համոզմունք է հայտնել, որ գերիների թիվը վաղ թե ուշ կհասնի զրոյի, հայտնում է Aysor.am-ը։

«Եկեք սպասենք, ես վստահ եմ, որ գերիների թիվն ինչ-որ պահի հասնելու է զրոյի։ Վերադառնալու են բոլորը, այդ թվում՝ նաև այն ժամանակվա Ղարաբաղի ղեկավարները»,- ասել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանը նաև ընդգծել է, որ իշխանությունները պատրաստ են անել հնարավոր ամեն բան՝ բոլոր գերիներին առանց բացառության վերադարձնելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։