AM
26 Նոյեմբեր 2025 - 12:48 AMT

Եպիսկոպոսաց ժողովը դատապարտել է կաթողիկոսի անվան միտումնավոր չհիշատակումը որոշ հոգևորականների կողմից

Նոյեմբերի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ գումարվել է հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով։

Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել վերջին շրջանում որոշ հոգևորականների կողմից Սուրբ պատարագի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսի և տվյալ թեմի առաջնորդի անունները դիտավորյալ չհիշատակելու խնդրին՝ նման պահվածքը համարելով դատապարտելի։

Շեշտվել է, որ դա հակականոնական է։

«Եպիսկոպոսաց դասը դատապարտելի է նկատել երևույթը՝ արձանագրելով, որ եկեղեցաբանական տեսանկյունից այն հակականոնական է և կարող է հանգեցնել հերձվածի։ Ընդգծվեց, որ նման գործողությունները ենթակա են խստագույն պատժի, եթե եկեղեցականը չզղջա և չսրբագրի իր հակականոնական ընթացքը սահմանված կարգով»,–ասվում է Մայր Աթոռի հաղորդագրության մեջ։

Ժողովը կարևոր է համարել, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին՝ հանուն Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության և առավել զորացման։

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել էին, որ օրակարգում է նաև Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ծառայության հնարավոր կասեցման հարցը` կապված իշխանությունների կողմից Սրբազանին վերագրվող տեսագրության հետ։ Հայտարարության մեջ այդ հարցին անդրադարձ չկա։

Ավելի վաղ Արշակ սրբազանը, անդրադառնալով համացանցում տարածված և իրեն վերագրվող տեսանյութին, հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ «չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ եմ համարում արհամարհել»։Համացանցում տարածվել է Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութ, որն առնչվում է նրա անձնական կյանքին։