Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ պատրաստ է հարմար պահի մեկնել Ադրբեջան և որևէ ձևաչափով իր պաշտոնակից Սահիբա Գաֆարովային Հայաստան հրավիրել, հայտնում է Auroranews.am-ը։
Լրագրողի այն հարցին, թե ստացել է արդյոք Ադրբեջան այցի հրավեր, Սիմոնյանը պատասխանել է, որ նման հրավեր չի եղել, սակայն դրա դեպքում պատրաստ է քննարկել այն։
Այն հարցին, թե նորմալ է համարում Ադրբեջան այցելելը, երբ այնտեղ դեռ պահվում են հայ գերիներ, Սիմոնյանը արձագանքել է․ «Իսկ քննարկել ասելով՝ ես ի՞նչ նկատի ունեմ»։
Նա նաև հայտնել է, որ 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Ադրբեջանի չմասնակցելը կապված չէ Հայաստանի հետ։ Սիմոնյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը հայտնել է, որ դա պայմանավորված է նրանց հարաբերություններով Եվրամիության հետ, և Գաֆարովան խնդրել է փոխանցել նախագահի անունից, որ այդ որոշումը որևէ կապ չունի հայկական կողմի հետ։
ԱԺ նախագահը հիշեցրել է, որ ավելի վաղ նշել էր՝ հնարավոր է համարում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները Երևան և Բաքու, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լուծել Ադրբեջանում պահվող հայազգի անձանց խնդիրը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։






