AM
27 Նոյեմբեր 2025 - 06:42 AMT

Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստանի» մոտակա անտառային հրդեհներն ամբողջությամբ մեկուսացված են

Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

«Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքին հարակից անտառային հատվածում բռնկված հրդեհը, որը տեսանյութերի տեսքով լայնորեն շրջանառվել է սոցիալական ցանցերում և լրատվական հարթակներում, արդեն մարվել է։ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը հայտնել է, որ ներկայումս նշված տարածքում նոր հրդեհային օջախներ չեն արձանագրվել։

«Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր։

Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 26-ին Տավուշի մարզում հրդեհաշիջման աշխատանքների իրականացման ընթացքում տեղի է ունեցել դժբախտ պատահար․ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողական մեքենան ենթարկվել է վթարի: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնել են, որ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհվել է հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Տարոն Սիմոնյանը։

Պատահարի հետևանքով տուժել է փրկարարական 4 ծառայող: Ըստ առողջապահության նախարարության, բոլոր տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։