Կառավարության նիստում հաստատել է նախագիծ, որը սահմանում է, որ եկեղեցիների և այլ պաշտամունքային կառույցների օտարումը պետք է կատարվի միայն գործադիրի համաձայնությամբ, հայտնում է Auroranews.am-ը։
Գործող օրենսդրությամբ, հուշարձանների նման օտարումը պահանջում է միայն լիազորված մարմնին նախապես տեղեկացնելը և կառավարության հավանություն չի պահանջում։
Նախագիծը նախաձեռնած ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը և Թագուհի Ղազարյանը փոփոխությունը հիմնավորել են այն հանգամանքով, որ պաշտամունքային կառույցները կրում են մշակութային, հոգևոր, կրոնական կամ պատմական արժեք, և դրանց օտարումը պետք է ունենա հատուկ կարգավորում։ Հիմնավորման համաձայն՝ նման օտարման դեպքում պետությունը պետք է կարողանա տալ կամ մերժել համաձայնությունը։
Նախագծում նշվում է, որ պետական ցուցակներում ներառված եկեղեցիները, վանքերը, տաճարները, մատուռները և այլ պաշտամունքային կառույցները կարող են օտարվել երրորդ անձի՝ հատուցմամբ կամ անհատույց, սակայն միայն կառավարության համաձայնությամբ։
Սեփականատերը պարտավոր է նախապես գրավոր տեղեկացնել լիազորված մարմնին՝ ներկայացնելով գործարքի նախագծերը և սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը, իսկ կառավարությունը պատասխան պետք է ներկայացնի երկամսյա ժամկետում։
Կառավարությունը կարող է մերժել համաձայնությունը, եթե առկա է գույքը ոչ հանրօգուտ կամ ոչ նպատակային օգտագործելու ռիսկ, գործարքը հակասում է հանրային շահերին, կամ փաստաթղթերը կեղծված են։ Այս պահանջները շրջանցելը կարող է հանգեցնել գործարքի անվավեր ճանաչմանը։
Նույն պատգամավորներն ավելի վաղ հեղինակել էին նաև մի նախագիծ, որի արդյունքում «Շողակաթ» հեռուստաընկերությունը զրկվեց հանրային հեռարձակողի կարգավիճակից։






