ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ում կանանց ներգրավումը ռազմավարական անհրաժեշտություն է։ Նա այդ մասին ասել է «Արդյունավետ պաշտպանություն, անվտանգություն և կանանց մասնակցության խթանումը ՀՀ զինված ուժերում» թեմայով քննարկման ժամանակ։
«Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց ու տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը ԶՈւ-ում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները, իսկ բարդ խնդիրներն ավելի մեծ հաջողությամբ են լուծվում։ ՀՀ-ում կանանց ներգրավումն անվտանգության համակարգում` մասնավորապես զինված ուժերում, չի համարվում միայն խորհրդանշական քայլ, այն ռազմավարական անհրաժեշտություն է»,- նշել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նրա գնահատմամբ՝ չնայած զգալի առաջընթացին, կանայք դեռևս շարունակում են մնալ փոքրամասնություն պաշտպանության և անվտանգության ոլորտում, հատկապես՝ ղեկավար մակարդակում։ Նա ընդգծել է, որ ոլորտում կանանց դերի ընդլայնման ուղղությամբ կառավարությունը շարունակում է իրականացնել հետևողական քաղաքականություն։
Դրա օրինակներից մեկը կանանց կամավոր ժամկետային զինծառայության հնարավորություն տալն է, որի տևողությունը կազմում է 6 ամիս։
«Կանանց հնարավորություն է տրվում անցնել զինվորական պատրաստություն և ծառայությունը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանալ մոտ 2800 եվրոյի չափ գումար։ ՀՀ-ում կանանց ծառայության օրինակներից մեկը կանանց գումարտակի ձևավորումն է, ինչի համար հատուկ պայմաններ են ստեղծվել»,- ասել է Գրիգորյանը։
Իր խոսքում նա հավելել է, որ ժամանակակից անվտանգության համակարգերին անհրաժեշտ են բազմազան հմտություններ՝ մշակութային զգայունությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաների իմացություն, կիբեռանվտանգություն, հոգեբանական մոտեցումներ, լեզուների տիրապետում, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելու կարողություն։
Ներկայում Հայաստանում կանայք զբաղեցնում են գլխավոր դատախազի, արդարադատության նախարարի, ներքին գործերի նախարարի և արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնները։






