Արշակ Սրբազանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, որը վերագրվում է Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների, գրել է, որ եթե նույնիսկ տեսագրության փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին։
Նա նշել է, որ Քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ։
«Մամուլում այսօր տարածվել է մի գրության լուսապատճեն, որը վերագրվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եպիսկոպոսներին։
Ինձ հայտնի չէ, թե այդ գրությունը փաստացի իրական է, թե ոչ։ Քանի որ դա վերաբերում է բացառապես հոգևորական դասի ներքին հարաբերություններին և եկեղեցու ներիշխանական գործընթացներին, իսկ այդ ոլորտը դուրս է իմ իրավասությունների շրջանակից, որևէ կարծիք այդ մասով չեմ կարող և չեմ ցանկանում հայտնել։
Սակայն գրության մեջ առկա է մի դիտարկում, որn անմիջականորեն վերաբերում է իմ լիազորություններին, ինչին էլ անհրաժեշտ եմ համարում արձագանքել։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի այդ վարույթի շրջանակում հարցաքննության ընթացքում՝ ո՛չ իրեն, ո՛չ էլ ինձ առանձին չի ներկայացվել որևէ որոշում փորձաքննություն նշանակելու մասին, ինչպես նաև չի ներկայացվել որևէ փորձաքննության եզրակացություն։ Սա ողջամտորեն ձևավորում է հիմնավոր համոզմունք, որ նման փորձաքննություն ոչ նշանակվել է, ոչ էլ իրականացվել։ Այդ պնդումը հիմնված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված փորձաքննություն նշանակելու և իրականացնելու ընթացակարգերի վրա։
Բացի այդ, ակնհայտ է, որ եթե նույնիսկ նման փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին՝ նախաքննության գաղտնիության պահանջների պատճառով։
Հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը՝ գտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ այս հարցի վերաբերյալ»։






