AM
27 Նոյեմբեր 2025 - 11:22 AMT

ՀՀ և Իսրայելի ԱԳՆ–ների միջև քաղաքական խորհրդակցություններ են եղել

Նոյեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իսրայելի ԱԳ նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բար Թալի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը երկուստեք կարևորել են Իսրայելի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման և ակտիվացման անհրաժեշտությունը՝ հատկապես քաղաքական և տնտեսական ոլորտներում։

Այցի շրջանակում կայացել են Հայաստանի և Իսրայելի արտաքին գործերի նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները։ Կողմերը լայնորեն քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համատեղ գործունեության հնարավորությունները։

Բարձր տեխնոլոգիաները, բժշկությունը, գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը նշվել են որպես այն ոլորտներ, որոնք ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն և համագործակցության զգալի ներուժ։

Քննարկել են նաև տարածաշրջանային իրադարձությունները՝ անդրադառնալով ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներին։