Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մի խումբ եպիսկոպոսների հայտարարությանը, ասել է, որ երբ մամուլում հայտնված փաստաթղթի տակ ստորագրած եպիսկոպոսները հաստատեն, որ նման թղթի տակ ստորագրել են, այդ ժամանակ միայն իր ասելիքը կասի։ Նա նաև ասել է, որ «մարդիկ, որոնք ունեն լծակներ, որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել», հայտնում է «Փաստինֆոն»։
Արշակ սրբազանը պատասխանել է նաև լրագրողի այն հարցին, թե հնարավո՞ր է ինչ-որ պահի որոշի հեռանալ եկեղեցուց՝ այս իրավիճակը հանգստացնելու, մեղմելու համար, գրում է Factor.am-ը։
Դիվանապետը պատասխանել է․ «Ինչի՞ համար հեռանամ։ Ես ասում եմ՝ ցանկացած որոշման տակ պետք է լինի իրավական, կանոնական, բարոյական կամ գեթ տրամաբանական հիմք։ Ես ոչ մի տեսանկյունից նման հիմք չեմ տեսնում այդտեղ։ Ես ինչ-որ որոշում պիտի կայացնեմ, որովհետև ինչ-որ մարդիկ այդպես են ցանկանում։ Դա դուք ճի՞շտ եք համարում»,-նշել է նա։
Արշակ սրբազանը հայտարարել է նաև, որ վստահ չէ, որ այն եպիսկոպոսները, ում ստորագրությունն առկա է՝ գիտեին, թե ինչի ներքո են ստորագրում։
«Ինձ հայտնի չէ որևէ փորձաքննություն, որևէ փորձաքննության եզրակացություն: Ինձ մոտ բնական հարց է առաջանում՝ եթե ես ուղղակիորեն ներգրավված եմ այդ պրոցեսի մեջ ու ինձ հայտնի չէ որևէ փորձաքննության եզրակացություն, ինչպե՞ս կարող է գործին չառնչվող մարդկանց ձեռքին նման փորձաքննություն լինել»,–ասել է նա։
Լրագրողի հարցին՝ ինչ սպասելիք ունի այն դեպքում, եթե Վեհափառը որոշի ժամանակավորապես դադարեցնել իր պաշտոնավարումը, սրբազանը պատասխանել է, որ ցանկացած որոշում պետք է հիմնվի իրավական կամ առնվազն տրամաբանական հիմքերի վրա։
Նա հավելել է. «Ես նման հիմնավորումներ չեմ տեսնում և «եթե»-ներով չեմ խոսում»։
Սրբազանը ընդգծել է, որ տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել եկեղեցու դեմ ուղղված լայն համատեքստում և ոչ միայն անձնական հարթությունում։ Նրա կարծիքով, իր դերը չափազանցված է ներկայացվում, և իր դիրքորոշումն է դառնում հակազդման պատճառ։
«Կարծում եմ՝ գերագնահատում են իմ դերակատարությունը, ես ընդամենը Մայր Աթոռի շարքային եպիսկոպոսներից մեկն եմ, որ ունի իր դիրքորոշումը, իր կեցվածքը, որը հավանաբար շատերին դուր չի գալիս, ես դա բնական եմ համարում, քանի որ ինձ էլ շատերի դիրքորոշումը դուր չի գալիս։ Բայց ի տարբերություն ինձ՝ մարդիկ, ովքեր ունեն լծակներ, ռեսուրսներ, հետևողականորեն որոշել են իրենց դուր չեկող դիրքորոշումներով հանդես եկող անձին ոչնչացնել։ Ժամանակը ցույց կտա՝ ինչպես կստացվի։ Իմ դիրքորոշումը չի փոխվել»,–նշել է նա։
Արշակ Սրբազանի շահերը ներկայացնող փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում, արձագանքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությանը, որը վերագրվում է Հայ Առաքելական Եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների, նշել է, որ եթե նույնիսկ տեսագրության փորձաքննության եզրակացություն գոյություն ունենար, այն չէր կարող տրամադրվել որևէ այլ անձի, այդ թվում՝ հիշատակվող եպիսկոպոսներին։ Նա նշել է, որ Քննչական կոմիտեն պարտավոր է ներկայացնել հստակ և սպառիչ պարզաբանումներ։






