AM
27 Նոյեմբեր 2025 - 13:23 AMT

Վարչապետի ուղղությամբ խնձոր նետած տղամարդու արդարացման վճիռն անփոփոխ է մնացել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշել է անփոփոխ թողնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած տղամարդու արդարացման վճիռը։

Ավելի վաղ՝ մայիսի 26-ին, դատարանն արդարացման վճիռ էր կայացրել Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ նշելով, որ ապացուցված չի համարում մեղսագրվող հոդվածով սահմանված հանցակազմի առկայությունը։

Այս վճիռը օգոստոսի 7-ին դատախազությունը բողոքարկել էր։

«Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց դատախազ Ե․ Աբովյանի վերաքննիչ բողոքը մերժել, մայիսի 26-ի վճիռը թողնել անփոփոխ։ Որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ ստանալուց հետո մեկամսյա ժամկետում»,- վճիռը կարդացել է դատավոր Վաչե Մարգարյանը։

2024 թվականի օգոստոսին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Երևանի Ռուբինյանց 2 հասցեում բնակվող հարազատներից մեկին, 74-ամյա Ալբերտ Առստամյանը խնձոր է նետել նրա ուղղությամբ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով՝ խուլիգանություն կատարելու հատկանիշներով։