AM
27 Նոյեմբեր 2025 - 13:25 AMT

Աղավնաձորի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքը 2005-2017 թվականներին ղեկավարած պաշտոնյան, գործելով անձնական շահագրգռվածությամբ, իր հետ փոխկապակցված մեկ այլ անձի մասնակցությամբ օգտագործել է իր պաշտոնական դիրքն ու դրանից բխող ազդեցությունը, ինչն իր հերթին անզգուշությամբ հանգեցրել է ծանր հետևանքների։

Բացի այդ, վերջինս օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերի գույք, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Մասնավորապես` պարզվել է, որ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 2011 թվականին կազմակերպել է 17,440,000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող 5․0 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ, որում ներգրավել է իր հետ փոխկապակցված անձին՝ այդ կերպ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական արգելքը: Արդյունքում՝ հողամասն օտարվել է նշված անձին, իսկ դրա նկատմամբ սեփականության իրավունքը հետագայում ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է համայնքի ղեկավարի կնոջը։

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ վերը նշված անձին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին) մեղադրանք է ներկայացվել։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա գործողություններին օժանդակած անձին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և դրա նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ հաստատման և դատարան ուղարկելու առաջարկով։

Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։