AM
27 Նոյեմբեր 2025 - 13:46 AMT

Փաշինյան. Համոզված եմ՝ 2026–ի ընտրություններում ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ճեպազրույցի ընթացքումվստահություն է հայտնել, որ 2026-ի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով ՀՀ ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի:

«Ունեմ մեծ վստահություն, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀ ժողովուրդը, քաղաքացիները միանշանակ և աներկբա հաղթանակ կտանեն։ Ես երբեք և ոչ մի ընտրություններին այլ նպատակ չեմ ունեցել և չեմ հետապնդել, ընդ որում՝ կապ չունի՝ ես վարչապե՞տ եմ եղել, պատգամավո՞ր, թե՞ ուղղակի ընդդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ: Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների շրջանակում ակնկալվող բանավեճին, Փաշինյանը հայտարարել է, որ խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճեն։

«Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերն ի սկզբանե ընդունել եմ: Խորհրդարանական ընտրությունների ուղիղ եթերում կբանավիճենք»,–ասել է նա։

ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։