Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմի ունեցած զոհերի թիվը՝ 3833 անձ։
Ավելի ուշ ֆեյսբուքյան եթերում նա պարզաբանել է, թե ինչու է հրապարակել զոհերի թիվը, որը վաղուց պաշտոնապես հրապարակել էր Քննչական կոմիտեն։
Նա նշել է, որ նշել է, որ զոհերի թիվը վաղուց է հայտնի, բայց քաղաքական շահարկումներն այն դարձրել են «նորություն»։
«Քիչ առաջ հրապարակեցի 44–օրյա պատերազմում զոհվածների հաստատված թիվը՝ 3833, հետո բազմաթիվ լրագրողներ սկսեցին զանգահարել գրասենյակ և հարցնել, թե սա ի՞նչ թիվ է։ Եվ սա այն դեպքում, որ այս թիվը վաղուց պաշտոնապես հրապարակված էր։ Հարցն այն է, որ սրիկա քաղաքական գործիչներն այնքան են փորձել այլ թվերով մեր հանրությանը ցավեցնել, դրա վրա քաղաքական դիվիդենտներ հավաքել, որ այս թիվը, կարծես թե, նորություն լինի՝ վատ, բայց նորություն։ 2020 թվականի պատերազմի զոհերի պաշտոնական թիվը 3833 է»,–ասել է Սիմոնյանը։
Սիմոնյանն առաջին գրառմանմեջ նշել էր․ «2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ (այդ թվում՝ 78 քաղաքացիական անձինք, 3755 զինծառայողներ): Անհայտ է 191 անձի գտնվելու վայրը (այդ թվում՝ 172 զինծառայողի և 19 քաղաքացիական անձի: Հավերժ փառք մեր նահատակներին»։






