Կառավարության որոշմամաբ նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների առաջին կուրս ընդունված ուսանողներին նաև 2025-2026 ուսումնական տարում։
«Մասնավորապես՝ փոխհատուցում կտրամադրվի 2025-2026 ուստարում պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ (բակալավր, առկա, վճարովի) ընդունված շուրջ 240 ուսանողի և արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս ընդունված շուրջ 75 ուսանողի: Բուհերի ուսանողներն այս որոշման շրջանակում փոխհատուցում կստանան մինչև տվյալ կրթական մակարդակի ավարտը 75% և ավելի կիսամյակային մոգ (միջին որակավորման գնահատական) ապահովելու, իսկ արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում»,– հայտնում է ԿԳՄՍՆ–ն։
Այս կարգավորմամբ նախկինում աջակցություն են ստացել նաև այն ուսանողները, որոնք մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ընդգրկված են եղել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում, ինչպես նաև նրանք, ովքեր 2024-2025 ուստարում ընդունվել են պետական բուհերի առկա ուսուցման համակարգ։
Նոր ուսումնական տարում ընդհանուր առմամբ մոտ 870 ուսանող՝ ընդգրկված բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերում, կարող է ստանալ փոխհատուցում՝ ուսման մեջ առաջադիմության շեմը բավարարելու դեպքում։






