Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ մինչև մարտ պետք է պատրաստ լինի նոր Սահմանադրության նախագիծը։
Իր ելույթում Գալյանը նշել է․ «Ուզում եմ կրկնել այն հանձնառությունը, որ Արդարադատության նախարարությունն է ստանձնել։ Դա վերաբերում է տեքստի մշակմանը և դրա ժամկետներին։ Մասնավորապես՝ հանձնառությունը ենթադրում է, որ Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մարտ ամսին»։
Խորհրդի անդամները քննարկել են Դատախազության և քննչական մարմինների վերաբերյալ կարգավորումները։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով «Իրական Հայաստան» գաղափարախոսության դրույթները, շեշտել էր նոր Սահմանադրության ընդունման կարևորությունը։ Վարչապետն ընդգծել է, որ համաժողովրդական հանրաքվեի միջոցով նոր Սահմանադրության ընդունումը կարևոր է, քանի որ նախկին հանրաքվեների նկատմամբ առկա է լեգիտիմության լուրջ պակաս՝ հանրային ընկալման տեսանկյունից:
Փաշինյանը նշել է, որ նոր Սահմանադրության գլխավոր նպատակն է հեռանալ «պետականազուրկ ազգի մնացորդային գործելակերպից և ձևավորել պետականակերտ ժողովրդի գործելակարգ»՝ հիմնված սահմանադրական համերաշխության և ժողովրդավարական մասնակցության վրա:






