Համացանցում օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Օգտատերը տեսանյութին կից նշել է, որ բռնություն ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող։ Մոտ 2 րոպե տևողությամբ տեսանյութում տղաները հարվածում և հայհոյում են ուսանողին, հայտնում է Factor.am-ը։
Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՆԳՆ Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները կարողացել են նույնականացնել տեսանյութում երևացող բոլոր անձանց, ձերբակալել նրանց խուլիգանության կասկածանքով և ներկայացնել նախաքննական մարմնին։ Խուլիգանության հիմքով հարուցվել է քրեական վարույթ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ քոլեջի ուսանողին բռնության և նվաստացման ենթարկած 5 դեռահասներն այս պահին ազատության մեջ են։ Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ խուլիգանության հոդվածի հատկանիշներով, վարույթի շրջանակում 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քննիչի կողմից խափանման միջոց կալանք ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Առաջին ատյանի դատարանը նրանցից 4-ի նկատմամբ բավարարել է միջնորդությունը և կալանավորել, մեկ անձի նկատմամբ ընտրել այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք։ Խափանման միջոցը լրանալու ժամանակ քննիչը կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն այս անգամ դատարանը մերժել է. դեռահասներն ազատ են արձակվել, միայն նրանցից մեկի նկատմամբ է կիրառվել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք։
Հաշվի առնելով խափանման միջոցների երկաձգելու մասին տեղեկությունը, ստացվում է՝ դեպքը մի քանի ամսվա վաղեմություն ունի, որը, սակայն, միայն երեկ է հայտնի դարձել։
Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ բռնության ենթարկող տղաներից մեկը «Վանաձոր» ՔԿՀ–ի հերթապահ մասի պատասխանատուի որդին է։
«Լուսանկարում պատկերված անձը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ մասի պատասխանատու Ռուբեն Գասպարյանն է, ով անչափահասների կողմից մեկ այլ անչափահասին ծեծելու դաժան տեսանյութի հերոսներից մեկի հայրն է: Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին»,–գրել է նա։






