AM
28 Նոյեմբեր 2025 - 08:08 AMT

ՀԿԿ-ն Ֆիզկուլտինստիտուտից փաստաթղթեր և ընդունելության քննությունների տեսագրություններն է պահանջել

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտից Հակակոռուպցիոն կոմիտեն պահանջել է մի շարք փաստաթղթեր և ընդունելության քննություններին վերաբերող տեսագրություններ, որոնք ինստիտուտը տրամադրել է։ Այդ մասին ասել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Տիգրան Սիմոնյանը, հայտնում է Factor.am-ը։

Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ ֆիզկուլտինստիտուտի ամբիոնի վարիչը և ևս երկու անձ ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով։

Ռեկտորի խոսքով՝ ձերբակալվածը Սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչն է։ Ըստ Սիմոնյանի՝ նրան տնից են ձերբակալել։ Նշվել է, որ մյուս երկու ձերբակալվածները կապ չունեն ինստիտուտի հետ։

«Հինգերորդ տարին է արդեն` աշխատում էր ինստիտուտում։ Կաշառք երևույթին շատ բացասական եմ վերաբերվում, այստեղ մեր ինստիտուտի համբավի հարցն է։ Տվյալ ամբիոնի վարիչի կողմից երբեք նման բան չենք նկատել։ Վստահ չեմ, որ այդ գործողությունը կապված է ինստիտուտի հետ։ Նախաքննություն է գնում, եկեք սպասենք մինչև իրավապահ մարմինները իրենց եզրակացությունը տան»,- ասել է Սիմոնյանը։

Ձերբակալվածների նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։