AM
28 Նոյեմբեր 2025 - 08:27 AMT

Հայր Ասողիկ. Ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ սրբազան հայրերին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների և արխիվների տնօրեն հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը «ամենայն խստությամբ դատապարտել է ուխտադրուժ և նենգադավ սրբազան հայրերին», որոնք հանդես էին եկել հայտարարությամբ՝ պահանջելով կաթողիկոսից սառեցնել Արշակ սրբազանի լիազորությունները։

«Որպես հավատավոր հայորդի, որպես Հայոց Եկեղեցու խոնարհ և նախանձախնդիր սպասավոր, որպես միաբան և պաշտոնյա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ անհուն և արդար բարկությամբ ամենայն խստությամբ դատապարտում եմ ուխտադրուժ և նենգադավ Սրբազան Հայրերին, ովքեր այսօր հանդես եկան իրենց բարձր կոչմանն ու աստիճանին անվայել և կանոնազանց ընթացքով:

Նրանց հետ հաց եմ կիսել Մայր Աթոռիս սեղանատանը, նրանց հետ ապրել եմ աստվածակառույց Մայր Տաճարիս հովանու ներքո, նրանց հետ աղոթքի եմ կանգնել Տիրոջ Սուրբ Սեղանի առջև՝ ի Քրիստոս սիրո սուրբ ողջույն փոխանակելով: Հիմա ինչպե՛ս նայեմ նրանց երեսին…

Ի խորոց սրտի կաղոթեմ, որ Աստված ողորմի և նրանց մտքին պայծառություն շնորհի՝ անկեղծ զղջմամբ ու արտասուքով գալու և ընկնելու մեր ամենքիս Հոգևոր Հայր և շնորհաց աղբյուր Հայոց Հայրապետի առջև: Իմ անվերապահ հավատարմությունը, անխառն սերն ու անսակարկ նվիրումն եմ հայտնում պաշտելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Նորին Սրբություն Տ. Տ. Գարեգին Բ. մեծագործ և աստվածարյալ Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին»,–ասվում է գրառման մեջ։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել այդ եպիսկոպոսների հետ և շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Հանդիպմանը մասնակցել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։