AM
28 Նոյեմբեր 2025 - 09:14 AMT

Ամատունի․ ԿԽՄԿ-ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ–ն Բաքվի հետ երկխոսությունը վերականգնելու ուղի է փնտրում։

Նա նշել է, որ Բաքվում պահվող անձանց հետ վերջին անգամ տեսակցություն է եղել հունիսին, հայտնում է Panorama.am-ը։

«Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով` այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանն առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով Ադրբեջանում զբաղվել է մեր կազմակերպությունը»,–ասել է նա։

Ամատունին նշել է, որ հանգամանքները, որոնք կապված են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ, չեն հանրայնացվում, որովհետև այդ աշխատանքների զգալի մասը կոնֆիդենցիալ ձևաչափով է իրականացվում։

Ադրբեջանից ԿԽՄԿ–ի հեռանալուց հետո Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Ոչ մի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ նրանց չի այցելում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։