Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այցելել է Տավուշ՝ անձամբ գնահատելու «Դիլիջան» ազգային պարկում տեղի ունեցած հրդեհների հետևանքները և ահազանգել վայրի կենդանիների տեղաշարժի վտանգի մասին։
«Բացի հակահրդեհային կանոնների խստագույն պահպանման անհրաժեշտությունը, մենք կանգնած ենք մեկ կարևոր խնդրի առաջ ևս․ անտառային հրդեհների հետևանքով բազմաթիվ վայրի կենդանիներ լքել են իրենց բնական միջավայրը և կարող են հայտնվել համայնքներին կամ բնակելի հատվածներին մոտ»,-նշել է Մաթևոսյանը:
Նա խնդրել է նման դեպքերում անհապաղ դիմել համապատասխան ծառայություններին՝ ապահովելու ինչպես մարդկանց, այնպես էլ կենդանիների անվտանգությունը։
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության, ՆԳ նախարարության Փրկարար ծառայության և համայնքային ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ նախարարը ծանոթացել է իրավիճակին, փորձել գնահատել հրդեհների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։
Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված բոլոր ծառայողներին՝ իրենց պատասխանատու և նվիրված աշխատանքի համար։ Հորդորել է լինել առավել զգոն և հետևել քաղաքացիների շրջանում հակահրդեհային կանոնների պահպանմանը, ինչպես նաև խիստ արձագանքել դրանց խախտումների դեպքերին։
Նախարարը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման պատասխանատուներին հանձնարարել է ուժեղացնել բնակչության շրջանում իրականացվող իրազեկման ու բացատրական աշխատանքները՝ կանխարգելման միջոցառումների արդյունավետությունն առավել բարձրացնելու համար։
Նախարարը այցելել է նաև հրդեհաշիջման աշխատանքների համար ստեղծված օպերատիվ արձագանքման շտաբ։
Գույքագրված խնդիրներին հնարավոր սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ։
Ներքին գործերի նախարարության լայնածավալ գործողությունների արդյունքում մարվել են Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի բուսածածկ և խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների բոլոր օջախները։






