Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարել է, որ Տավուշի մարզում ավագ դպրոցի աշակերտների կողմից անչափահասի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպը վկայում է այն հիմնախնդիրների մասին, որոնք առկա են մեր հասարակությունում՝ բռնության հանդեպ մոտեցման, դրա կանխման, դեպքերին արձագանքման և երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Նա նշել է, որ նման դեպքերն արդեն իսկ դատապարտելի և անընդունելի լինելուց բացի, նաև բացահայտում են հարցի խորքային արմատները։
Մանասյանը շեշտադրել է, որ բռնության որևէ ձև բացարձակապես անթույլատրելի է, և որ պետությունն ունի պատասխանատվություն՝ երաշխավորելու անչափահասների անվտանգությունն ինչպես դպրոցում, այնպես էլ ցանկացած այլ ուսումնական հաստատությունում և դրանցից դուրս։
Տվյալ միջադեպի հանգամանքներն անհրաժեշտություն են առաջացրել համակողմանի և անաչառ քննության իրականացման։
Պաշտպանը նաև ընդգծել է պետական գերատեսչությունների, հատկապես իրավապահների, խնամակալության և հոգաբարձության մարմինների համադրած, արագ և կոորդինացված գործողությունների կարիքը։ Այդ կառույցները պետք է ոչ միայն համակողմանիորեն վերլուծեն կատարվածը, այլև երաշխավորեն՝ տուժած երեխայի անվտանգությունը, անհրաժեշտ բժշկական, հոգեբանական ու սոցիալական աջակցությունը, ինչպես նաև իրագործեն կոնկրետ քայլեր՝ համայնքում ու ուսումնական միջավայրում բռնության կանխման նպատակով։
Պաշտպանը նշել է նաև, որ կրթական հաստատություններում բացակայում են բռնության հայտնաբերման, կանխարգելման և պատշաճ արձագանքման գործուն մեխանիզմներ, ինչը նպաստում է նման անընդունելի իրավիճակների առաջացմանը։ Այդ համատեքստում պետք է անհապաղ կազմակերպել պարտադիր վերապատրաստումներ ու դասընթացներ բոլոր այն մասնագետների համար, ովքեր աշխատում են երեխաների հետ և պատասխանատու են նրանց նկատմամբ բռնության կանխման, բացահայտման ու արձագանքման համար։ Բացի այդ, անհրաժեշտ է դպրոցների ծրագրերում ներառել թեմատիկ նյութեր, կիրառել հստակ մեթոդաբանություն և գործիքակազմեր բռնության դեպքերի հայտնաբերման ու արձագանքման համար, ինչպես նաև հաստատել հստակ ընթացակարգեր՝ կրթական ու պետական հաստատությունների աշխատակիցների կողմից բռնության դեպքերը հաղորդելու և պատշաճ արձագանք ապահովելու նպատակով՝ երաշխավորելով տեղեկատվության գաղտնիությունը և կանխելով երեխայի թիրախավորումը։
Միաժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին ու սոցցանցերի օգտատերերին անհապաղ հեռացնել և հետագայում չտարածել բռնության տեսարաններ պարունակող տեսանյութերը՝ հանուն երեխայի գերակա շահի և «Մի՛ վնասիր» սկզբունքի պահպանման։
Պաշտպանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ պաշտպանելու երեխաների իրավունքներն ու արժանապատվությունը և խթանելու անվտանգ ու հանդուրժողական միջավայրի ձևավորումը։
Համացանցում օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ երիտասարդի։ Օգտատերը տեսանյութին կից նշել է, որ բռնություն ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվող տղան՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող։ Մոտ 2 րոպե տևողությամբ տեսանյութում տղաները հարվածում և հայհոյում են ուսանողին:






