AM
28 Նոյեմբեր 2025 - 11:24 AMT

Ավանեսյան․ Տարեկան հետազոտություններն ապահովագրական փաթեթի ակտիվացման պարտադիր պայման են լինելու միայն 2029–ից

Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական նախագիծը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը նկատել է, որ ապահովագրական փաթեթներից օգտվելուն նախորդելու են նախնական բուժզննումները, որոնք իրականացվելու են պոլիկլինիկաներում, հայտնում է Panorama.am-ը։

«Արդյո՞ք մեր պոլիկլինիկաները հունվարի 1-ից այս մեծ մասշտաբի աշխատանքին պատրաստ են, թե՞ ոչ։ Հաշվարկներ կա՞ն՝ ինչ կարգի հերթեր են գոյանալու։ Եթե նույնիսկ պատրաստ ենք, մենք տեխնիկապես, մասնագետների առումով, խնդիր ունենք, թե՞ ոչ։ Արդյո՞ք նախատեսվում է այդ բժիշկների, բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում. այս մարդիկ էապես ավելի մեծ ծավալի աշխատանք են իրականացնելու»,- այս հարցերը պատգամավորն ուղղել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին։

Ավանեսյանը նշել է, որ տարեկան բուժզննումներն ու սկրինինգներն ապահովագրական փաթեթի ակտիվացման համար պարտադիր պահանջ են դառնալու միայն 2029 թվականից՝ ըստ նախագծի անցումային դրույթների։

«Ապահովագրական փաթեթի մեկնարկից տարեկան հետազոտություններն ու սկրինինգները դառնալու են անձին հասանելի։ Մենք հասկանում ենք, այդ երկու տարվա ցիկլն անհրաժեշտ է, որ ոչ թե բոլորը հունվարի 1-ին գան ու անցնեն սկրինինգ, հետազոտություն, որ ապահովագրական փաթեթն ակտիվանա, այլ մինչև 2029 թվականը բոլորը նորմալ, հանգիստ կանցնեն իրենց հետազոտությունները:

2029 թվականից հետո, երբ ցիկլը կսկսի նորմալ ընթանալ, պարտադիր կդառնա, որ օրինակ, կանանց համար կրծքագեղձի սկրինինգը որոշակի տարիքի շրջանակներում երկու տարին մեկ պետք է կրկնվի։ Կկրկնվի երկու տարվա մեջ, կշարունակի օգտվել ապահովագրությունից, չի կրկնի՝ նրան հիշեցում կգնա, փաթեթը կսառեցվի, մինչև նորից կգնա ու կօգտվի»,- մանրամասնել է Ավանեսյանը։

2026–ի հունվարից առողջության ապահովագրությունը կգործի 65 տարեկանից բարձր անձանց համար։