AM
28 Նոյեմբեր 2025 - 11:45 AMT

Ծեծի ենթարկված դեռահասի հայրը պահանջում է դադարեցնել աղմուկը և ջնջել տեսանյութը

Զորական համայնքից, Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղայի հայրը խիստ վրդովված է համացանցում տարածվող տեսանյութից, որտեղ իր որդուն ծեծի են ենթարկում համայնքի և հարակից գյուղի մի քանի դեռահասներ։

«Ես Ալենի հայրն եմ, և ինձ հաճելի չէ, որ այսպես տարածում եք տեսանյութը, էլ չեմ ասում՝ տակի մեկնաբանությունների մասին։ Դրա համար կան իրավապահ մարմիններ, որոնք իրենց աշխատանքը նորմալ կատարում են։ Ուղղակի դիմում եմ ձեզ՝ դադարեցրեք այս աղմուկը և ջնջեք տարածված տեսանյութը»,- ասել է տղայի հայրը՝ Գարսևանը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա դիտարկմամբ՝ որևէ ծնողի համար դժվար կլինի հանդուրժել նման իրավիճակ, երբ սեփական երեխային վերաբերող տեսանյութ է տարածվում։

«Եթե ձեր երեխայի հետ նման բան պատահի ու հրապարակեն, դուք ի՞նչ կանեք»,-ընդգծել է նա։

Գարսևանը նաև նշել է, որ միջադեպի կողմերի միջև այժմ հարաբերությունները հանգիստ են։

«Մենք գյուղացի մարդիկ ենք, մի կտոր հաց միասին կիսող մարդիկ ենք, մեր հարցերը կարող ենք ներքին համաձայնությամբ լուծել», -ասել է նա։