AM
28 Նոյեմբեր 2025 - 11:55 AMT

Փաշինյան․ ՀՀ-ն կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամային՝ Անկախության ազգային տոնի առթիվ՝ իր բարեմաղթանքներն ուղղելով ինչպես նրան, այնպես էլ ալբանացի ժողովրդին։

Նա նշել է, որ ՀՀ-ն կարևորում է Ալբանիայի հետ համագործակցության զարգացումը։

«Շնորհավորում եմ Ձեզ և Ալբանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով։ Գոհունակությամբ եմ հիշում այս տարի Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակներում կայացած մեր հանդիպումը, որը հիանալի հնարավորություն էր քննարկելու Հայաստանի և Ալբանիայի միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Լիահույս եմ, որ հնարավորություն կունենամ նույն ջերմությամբ հյուրընկալելու Ձեզ Երևանում կայանալիք ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովին։

Հայաստանի Հանրապետությունը կարևորում է Ալբանիայի Հանրապետության հետ համագործակցության զարգացումը թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում՝ հիմնված ընդհանուր արժեքների ու փոխադարձ վստահության վրա:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ալբանիայի ժողովրդին՝ բարօրություն և երջանկություն»,–ասվում է ուղերձում։