AntiFake լրատվամիջոցի խմբագրության անդամները, ինչպես նաև այդ հարթակում հրապարակվող «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ դեսպանատան մոտ:
«Հանրային ճնշումը կարող է աշխատել, ինչը լավագույն կերպով տեսանք Լիդյա Մանթաշյանի դեպքում։ Մենք շարունակելու ենք մեր բողոքի ակցիաները»,-ԱՄՆ դեսպանատան դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարել է AntiFake-ի խմբագիր Աստղիկ Մաթևոսյանը, հայտնում է Panorama.am-ը։
Նա մանրամասնել է, որ այցի նպատակն է՝ ԱՄՆ դեսպանին փոխանցել Նարեկ Սամսոնյանի կնոջ՝ Լուսինե Առաքելյանի ուղերձը, որը վերաբերում է նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդմանը։
«Մի քանի օր առաջ նա ուղերձ է հղել ԱՄՆ դեսպանին, բայց որևէ արձագանք չկա։ Մեր խնդիրն է՝ այն առձեռն փոխանցել դեսպանին, որպեսզի վաղը, մյուս օրը չկարողանան ասել, որ տեղեկացված չեն եղել»,-ասել է Մաթևոսյանը։
Բացի ուղերձից, AntiFake-ի խմբագրակազմը պատրաստել է նամակ, որտեղ ներառված են փաստեր այն մասին, թե ինչպես է սկսվել գործը՝ իրավապահների գործողություններից մինչև խմբագրություն ներխուժելն ու տեխնիկայի առգրավումը։
Նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան, ԱԱԾ դիմակավորված ծառայողները ներխուժել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ, իրականացրել խուզարկություններ և նրանց ձերբակալել։ Դատարանը նրանց նկատմամբ ընտրել է երկամսյա կալանք։ Բացի նրանց բնակարաններից, խուզարկություն է իրականացվել նաև «Անտիֆեյք»-ի խմբագրությունում, որտեղից առգրավվել է ամբողջ տեխնիկան, իսկ երկու լրագրողներ նույնպես բերման են ենթարկվել։ Իրավապաշտպաններ և փաստաբաններ պնդում են, որ այս ամենի նպատակն է լռեցնել իշխանության քննադատողներին և ԶԼՄ-ներին։






