AM
28 Նոյեմբեր 2025 - 13:27 AMT

Աբրահամ սրբազան․ Եթե ստորագրած լինեի՝ կստորագրեի, վարչապետը կանչել էր հանդիպման՝ գնացի

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, որի անունը կար արքեպիսկոպոսների և եպիսկոպոսների հայտարարության տակ, իսկ ստորագրությունը՝ ոչ, նոյեմբերի 28–ին հայտարարությունը ստորագրած սրբազանների հետ միասին հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հայտարարությունում պահանջ է հնչեցվել, որպեսզի Վեհափառ Հայրապետը ապահովի Արշակ Սրբազանի հեռացումը Մայր Աթոռից։

Տեր Աբրահամը պատասխանել է այն հարցին, որ ստացվո՞ւմ է՝ եթե գնացել է Փաշինյանի մոտ հանդիպման, ուրեմն ստորագրո՞ւմ է այդ հայտարարության տակ ու պահանջում, որ Արշակ Սրբազանը հեռանա, գրում է Aysor.am-ը։

«Եթե ստորագրած լինեի՝ կստորագրեի, վարչապետը կանչել էր հանդիպման՝ գնացի»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է նրա անձնական դիրքորոշմանը՝ արդյոք պետք է Արշակ Սրբազանը հեռանա Մայր Աթոռից, ապա Աբրահամ սրբազանը նշել է, որ չի ցանկանում այդ հարցին հրապարակայնորեն անդրադառնալ։

Լրագրողի հարցին, թե որքանով են ճշմարիտ շրջանառվող լուրերը, ըստ որոնց՝ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա սրբազաններին ներկայացվել են կոմպրոմատներ, թեմի առաջնորդը պատասխանել է, որ նման օրերին տարածվում են բազմապիսի տեղեկություններ։

«Ի՞նչ կարող եմ անել»,– հավելել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։