Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում կարող է ավելի լավ ընդդիմություն լինել, եթե Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չմասնակցեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
«Շատ հետաքրքիր քարոզարշավ և պայքար կլինի, եթե նախկին չընտրված նախագահները, իսկ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը երբևիցե ՀՀ նախագահ չեն կարող համարվել ինձ համար, քանի որ ընտրությունների արդյունքները որևիցե մեկի մոտ հավատ չեն ներշնչել, չմասնակցեն։ Միգուցե, այդ դեպքում շատ ավելի լավ ընդդիմություն ունենանք Հայաստանում, քան հիմա ունենք: Բայց իրենք դա չեն անի, որովհետև իրենք մոնոպոլ դիրքերում նախկին չինովնիկների, բիզնեսների և «բդեշխների» շնորհիվ փորձելու են ինչ-որ ձևով ներկայություն ունենալ խորհրդարանում»,-ասել է նա, հայտնում է Արմենպրեսը։
Սիմոնյանը նման տեսակետ է հայտնել խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանի հայտարարությանը։
Ալեն Սիմոնյանը նշել է, որ որոշ չափով համամիտ է Թաթոյանի ասածների հետ։
Նա վստահեցրել է, որ Հայաստանում ազատ ընտրություններ են անցկացվում։
Թաթոյանը նշել էր, որ եթե Քոչարյանն ու Սարգսյանը չմասնակցեն ընտրություններին, հնարավոր կլինի հեռացնել իշխանությունից վարչապետ Նիկոլ Փաշինյանին։






