AM
28 Նոյեմբեր 2025 - 14:12 AMT

Սիմոնյանը՝ 44-օրյա պատերազմում զոհվածների մասին․ Թվերը կարող են փոխվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվածների թիվը կարող է փոփոխվել, քանի որ դեռևս կան անհետ կորած համարվող անձինք, հայտնում է Sputnik Արմենիան։

Մի քանի օր առաջ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից եղել է 3833 զոհ, այդ թվում՝ 78 քաղաքացիական անձ, 3755 զինծառայող։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու են Սիմոնյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և 44–օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հրապարակած տվյալները տարբերվում իրարից։

«Ես այդ թիվը հրապարակել եմ ՀՀ քննչական կոմիտեի տվյալներից ելնելով։ Ինչ վերաբերում է թվերի էս կողմ, էն կողմ լինելու հանգամանքին, նաև վարչապետն է այդ թվի մասին խոսել՝ փոքր տարբերությամբ։ Այդ տարբերությունը 1200 երեխա չի եղել։ Մեր թվերը նաև փոխվել են, որովհետև ինչ-որ ծնողներ մասունքներից նաև ԴՆԹ են արել։ Բայց այս թիվը հնարավոր է` էլի փոխվի, որովհետև մենք 191 անհետ կորած անձ ունենք»,- ասել է Սիմոնյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչու չեն հրապարակվում զոհվածների անունները, փոխարենը միայն ընդհանուր թվեր են տրամադրվում։ Սիմոնյանը պատասխանել է, որ այդ տվյալները համարվում են անձնական, սակայն հնարավոր է, որ ապագայում դրանք բացվեն։

«Զոհվածների անունները հրապարակելը ես չեմ որոշում։ Կարծում եմ, որ այս պահին ճիշտ չէ անուններ հրապարակելը։ Դե, չգիտեմ՝ ինչու ճիշտ չէ, անձնական տվյալներ են»,– նշել է նա։

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական գործողություններ էր սկսել արցախա–ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանն ու Արցախը հայտարարեցին ռազմական դրություն և զորահավաք։ Պատերազմը շարունակվեց 44 օր՝ դադարեցվելով նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների համատեղ հայտարարությամբ։

Տարբեր ժամանակահատվածներում ներկայացվել են տարբեր թվեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի ապրիլին հայտնել էր 3825 զոհի մասին, Քննչական կոմիտեն 2025 թվականի մարտին տեղեկացրել էր 3941 զոհի և 191 անհետ կորածի մասին։