AM
28 Նոյեմբեր 2025 - 14:26 AMT

Սիմոնյանը՝ արքեպիսկոպոս Կճոյանի մասին․ Այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը կարող է մասնակցել Եկեղեցու նորոգմանը, ասել է, որ «այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չի տեսնում»։

«Ես այդ մարդուն որպես նոր կաթողիկոս չեմ տեսնում, դա ինձ համար անքննելի հարց է»–ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։

«Թե ինքը ինչ մասնակցություն կունենա Եկեղեցու նորոգմանը, թե ձեր նշած փաստերն ինչ հետևանք կունենան, ես որևէ բան չեմ բացառում։ Ի՞նչ եք առաջարկում, մարդը Եկեղեցում գործող հոգևորական է և ամենաազդեցիկներից մեկն է։ Կարող եմ ասել, որ քաղաքական առումով պարոն Կճոյանի հետ կապված մենք որևէ քաղաքական բանավեճերի մեջ չենք, ինքը գործող հոգևորական է։ Իր կարծիքն է հայտնել, ինչպես մնացած եպիսկոպոսները, ես հարգանքով եմ մոտենում իր հայտնած կարծիքին, ողջունում եմ իր և մնացածի գործողությունները և հաջողություն եմ մաղթում»,- նշել է նա։

Սիմոնյանը նշել է, թե Եկեղեցու ներսում մեկնարկել է գործընթաց:

«Պրոցեսի հիմքերում գիտեք՝ ինչ փաստաթուղթ է դրված, և վարչապետը հանդիպել և իրենց հետ քննարկել է այդ պրոցեսը, և իր գոհունակությունն է հայտնել, որ պրոցես է սկսել: Թե հիմա այդ պրոցեսի վերջում այդ սենյակի մեջ կմնա մեկ հոգի, 10 հոգի, 5 հոգի կավելանա, թե բոլորը կմնան, դա ժամանակի և գործընթացների հարց է:

Հիմա ես չեմ կարող կանխատեսել, ոչ կարող եմ այս պահին այդ սենյակում գտնվող որևիցե մեկին գնահատական տամ, որովհետև ինձ համար երկու ֆիքսված բան կա այս պահի դրությամբ. հայտարարվել է, որ գործող կաթողիկոսը՝ Կտրիճ Ներսիսյանը, խախտել է ուխտը՝ ունի երեխա, ինքը դա չի հերքել, ինչպես նաև շատ ամոթալի բան է հայտնվել համացանցում, որը ես չեմ ողջունում, դատապարտում եմ՝ Արշակ սրբազանի հետ կապված, որը այս պահի դրությամբ փաստ է»,- ասել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե եպիսկոպոսների վրա ճնշումներ են գործադրվել՝ Ալեն Սիմոնյանը նշել է. «Շատ մարդիկ հավաքվեցին, հետո մարդիկ տարբեր գյուղերում, մարզերում սկսեցին մոտենալ. ինձ թվում է՝ այս «ճնշումը» կա, և ես ցավում եմ, որ այս «ճնշումը» միայն եպիսկոպոսների գիտակցության վրա է ազդել: Իրենք տեսել են, որ, այո՛, իրոք խնդիր կա, և այդ խնդիրը մեծ է»:

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։