AM
28 Նոյեմբեր 2025 - 14:30 AMT

Խուդաթյանը Տաշքենդում ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ռազմավարությունը

Տաշքենդում կայացած Տրանսկասպյան միջանցքի և կապի ներդրողների համաժողովի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրել է Հայաստանի տրանսպորտային առաջնահերթությունները։

Ըստ ՏԿԵ նախարարության հաղորդագրության՝ Դավիթ Խուդաթյանը մասնակցել է պանելային քննարկմանը, որը նվիրված է եղել Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Սևծովյան տարածաշրջանի փոխկապակցվածության ամրապնդման համապարփակ օրակարգին։

Քննարկման ժամանակ նախարարը պատասխանել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Հարավային Կովկասում Հայաստանի դիրքորոշմանը և ռազմավարական նպատակներին։

Խուդաթյանն ընդգծել է, որ կառավարության առաջնահերթություններից են տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության ամբողջական իրականացումը և TRIPP երթուղու գործարկումը։

Հայաստանի առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը նպատակ ունի ամրապնդել տրանսպորտային կապերը Հյուսիս–Հարավ և Արևելք–Արևմուտք ուղղություններով։

Ծրագրի իրականացումը, ըստ նախարարի, կխթանի տարածաշրջանային առևտուրը և կնպաստի Միջին միջանցքի թողունակության ընդլայնմանը՝ Հայաստանն ընդգրկելով նոր երթուղիներում։

Նույն քննարկման մասնակիցների թվում են եղել նաև Ուզբեկստանի տրանսպորտի նախարար Իլհոմ Մախկամովը, Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Ֆիլիպ Տաբարոտը, միջազգային ֆինանսական ինստիտուտի ներկայացուցիչներ, Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին, Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը, Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։