FlyOne Armenia ավիաընկերությունը երեք Airbus A320 ինքնաթիռ է գնել սեփականության իրավունքով՝ համագործակցելով Avia Solutions Group ընկերության հետ, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։
Ներդրման շուկայական արժեքը գերազանցում է 70 միլիոն դոլարը։
Նշվում է, որ այս ձեռքբերումը 2026 թվականի ամառային թռիչքային շրջանում FlyOne Armenia-ին հնարավորություն է տալիս ավելացնելու ինչպես ուղղությունները, այնպես էլ գործող չվերթերի հաճախականությունները։
Գործարքի շրջանակում Հայաստան են այցելել Avia Solutions Group, FL Technics և ABL Corporation ընկերությունների հիմնադիրները։ Նրանք հանդիպել են FlyOne Armenia–ի ղեկավարների և հիմնադիրների հետ՝ քննարկելով համատեղ ծրագրերը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
SIL Capital ընկերության հիմնադիր և FlyOne Armenia-ի բաժնետեր Էդուարդ Սուքիասյանը կարևորել է այս գործարքը՝ այն որակելով ռազմավարական ինչպես ավիաընկերության, այնպես էլ երկրի ավիացիոն ոլորտի համար։
Avia Solutions Group–ի հիմնադիր Գեդիմինաս Ժեմելիսը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կունենա շարունակական և ամուր բնույթ։ ABL Corporation-ի հիմնադիր Ալի Բեն Լմադանին իր հերթին նշել է, որ ընկերությունն ունի 124 օդանավ, որոնք տրամադրվում են վարձակալությամբ, և շեշտել, որ մեծ ակնկալիքներով սպասում են համագործակցությանը FlyOne Armenia-ի հետ։
FlyOne Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը հայտնել է, որ այս համալրումով ընկերության սեփական ինքնաթիռների թիվը հասել է ութի։
FL Technics միջազգային ընկերության գործադիր տնօրեն Արիֆ Ալամերին ասել է․ «FlyOne Armenia-ն այն ավիաընկերություններից է, որի հետ համագործակցության երկարամյա փորձ ունենք։ Այժմ քննարկում ենք Հայաստանում ներկայություն ունենալու հնարավորությունը՝ տեխնիկական սպասարկման բազմաթիվ ուղղություններ ներառելով»։
FlyOne Armenia-ն հիմնադրվել է 2021 թվականին, և նրա նավատորմը ներառում է Airbus A320neo, Airbus A320 և Airbus A321 մոդելի ինքնաթիռներ։






