AM
28 Նոյեմբեր 2025 - 14:51 AMT

ՀՎԿԱԿ․ Մանկապարտեզներում և դպրոցներում բացակաների 14.4%-ը պայմանավորված է սուր շնչառական վարակներով

Հայաստանում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակների ակտիվ շրջանառություն՝ հատկապես երեխաների շրջանում։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացրել է, որ 47-րդ շաբաթվա տվյալներով հիվանդացության ցուցանիշն աճել է 1.2 անգամ՝ նախորդ շաբաթվա համեմատ։

Ընդհանուր դեպքերի 80 տոկոսը բաժին է ընկնում 0-ից 18 տարեկանների խմբին։

Այս շրջանում հանրապետությունում շրջանառվում են գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչներ, ինչպես նաև այլ վիրուսներ՝ ռինովիրուս, բոկավիրուս, ադենովիրուս, պարագրիպ։

Նախադպրոցական և դպրոցական հաստատություններում իրականացվում է «համաճարակային ֆիլտր» մեխանիզմ, որի միջոցով որոշվում է՝ արդյոք տվյալ հաստատությունը պետք է անցնի հեռավար ուսուցման։ Այս ցուցիչը հիմնվում է հիվանդացության կոնկրետ մակարդակի վրա։

Նոյեմբերի 28-ի դրությամբ արձանագրվել է 55,635 բացակա, որոնցից 8064-ը՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված։ Սա կազմում է բացակայությունների ընդհանուր թվի 14.4 տոկոսը։

Այս 8064 բացակայություններից 104-ը հայտնաբերվել են հենց «համաճարակային ֆիլտրի» կիրառման արդյունքում՝ համապատասխան արձագանքով՝ երեխաներին տուն ուղարկելով։

«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, բարդություններից խուսափելու նպատակով ՀՎԿԱԿ-ը ԿՐԿԻՆ հիշեցնում և հորդորում է.

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա,

խուսափե´ք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով

երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին

մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե´ք եղանակին համահունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային»,- ասվում է հաղորդագրության մեջ։