AM
29 Նոյեմբեր 2025 - 06:42 AMT

Ըստ ՔԿ–ի՝ հաստատվել է, որ տեսանյութում Արշակ սրբազանն է․ Վերջինս չի ներկայանա՝ կասկածներ ունի օբյեկտիվության հարցում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել է դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոսի պատկերված լինելու հանգամանքը։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանը, հայտնում է «Ազատությունը»։

«Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, նշված եզրակացության պատճենը տրամադրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշյալ տեսանյութերի ուսումնասիրման նպատակով ստեղծված հանձնախմբի անդամներից մեկին, քանի որ այն իրավաչափորեն առնչվել է հանձնախմբի շահերին», – ասված է Քննչականի պաշտոնյայի պատասխանում:

Հարց էր ուղղվել նաև այն մասին, թե արդյո՞ք Քննչական կոմիտեն պարզել է, թե ո՞վ է իրականացրել Արշակ սրբազանի գաղտնի տեսաձայնագրությունը, և ո՞վ է այն տարածել, արդյո՞ք հեղինակներին գտնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկվել են:

«Ինչ վերաբերում այդ կետով հայցվող տեղեկատվությանը, ապա այն չի կարող տրամադրվել՝ հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ պարունակելու պատճառաբանությամբ», – նաև ասված է Քննչականից ստացված պատասխանում:

Մայր Աթոռի դիվանապետի փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե Քննչական կոմիտեից ծանուցում է ստացել, որ «ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչի կողմից 2025 թվականի նոյեմբերի 25-ին կայացվել է դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն նշանակելու մասին որոշում, և որի եզրակացությունը ստացվել է»։

Նա հայտարարել է, որ Արշակ արքեպիսկոպոսը չի ներկայանա Քննչական կոմիտե ծանոթանալու իրեն առնչվող դատատեսաձայնագրային և դատադիմանկարային փորձաքննություն եզրակացությանը ու նշել պատճառները։

«Մի շարք հոգևորականների կողմից ստորագրված փաստաթղթի համաձայն՝ նրանք փորձաքննության եզրակացությունը Քննչական կոմիտեից ստացել են հենց նոյեմբերի 25-ին։ Այսինքն՝ եզրակացությունը տրվել է քննիչի կողմից հենց փորձաքննություն նշանակման օրը, ինչը ակնհայտ է դարձնում, որ նույն օրը հնարավոր չէր կատարել օբյեկտիվ փորձաքննություն։ Քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների»,– ասված է հայտարարությունում։

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ քրեադատավարական օրենսդրության համաձայն՝

  1. քննիչը փորձաքննություն նշանակելիս պարտավոր էր այդ որոշումը մինչև փորձաքննության ուղարկելը ներկայացնել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին, քանի որ նրա շահերին դա իրավաչափորեն առնչվում է, ինչը չի կատարվել։
  2. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և նրա փաստաբանը որոշմանը ծանոթացնելուց հետո իրավունք ուներ միջնորդելու, որ փորձագետին առաջադրվեն լրացուցիչ հարցեր, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
  3. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը և/կամ նրա փաստաբանն իրավունք ունեին ներկա լինելու փորձաքննության կատարմանը, որի հնարավորությունից քննիչը զրկել է։
  4. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն իրավունք ուներ պարզաբանումներ տալու փորձագետին, որի հնարավորությունից քննիչը զրկել է, և մի շարք այլ իրավունքներ, որոնցից քննիչը ապօրինաբար զրկել է»,–ասվում է գրառման մեջ։ ‌

Նշվում է, որ Քննչական կոմիտեն իրավունք չուներ այդպիսի եզրակացությունը տրամադրելու որևէ այլ անձի, այդ թվում՝ հոգևորականների։

«Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, վերահաստատելով իր պնդումը, որ օրվա քաղաքական իշխանության քաղաքական հանձնարարությունները կատարող քննչական մարմիններին անհնարին է վստահել, հրաժարվում է այցելել քննչական կոմիտե՝ ծանոթանալու հենց ամենասկզբից օբյեկտիվությունից զուրկ որոշմանն ու եզրակացությանը»,–գրել է փաստաբանը։

ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։ Փաշինյանը հանդիպել է նրանց հետ և ողջունել նրանց դիրքորոշումը։