AM
29 Նոյեմբեր 2025 - 07:02 AMT

Փաշինյան․ Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամների մասնակցությամբ հանդիպմանն ասել է, որ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։

Նա հավելել է, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն։

«Պետություն–քաղաքացի հարաբերությունն, իմ պատկերացմամբ, հետևյալն է․ պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը։ Հարց է ծագում, իսկ ինչպե՞ս պետք է պետությունն ուժեղացնի մարդուն․ դրա համար կա երեք գործիք․ առաջինը՝ կրթությունն է, երկրորդը՝ կրթությունն է, երրորդը՝ կրթությունն է։ Այսինքն, ես համոզված եմ, որ մարդուն ուժեղացնելու միայն մի ձև կա՝ կրթություն»։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկայացրել է խորհրդի գործունեության շրջանակում իրականացված աշխատանքները, որոնք միտված են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման ուղիների ձևավորմանը։ Նա շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման հնարավորության համար՝ վստահություն հայտնելով, որ բարձրացված հարցերը քննարկման առարկա կդառնան, ինչը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը։

Այնուհետև վարչապետ Փաշինյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված տարբեր հարցերին։ Դրանք վերաբերել են ինչպես երեխաների իրավունքների պաշտպանությանը, այնպես էլ հաշմանդամություն ունեցող անձանց համար պայմանների հասանելիությանը։

Վարչապետը հավելել է, որ այսօրվա հանդիպմանը հնչեցված բազմաթիվ խնդիրների լուծման հիմքում նույնպես կրթությունն է, և հենց այդ մոտեցումից են բխում «300 դպրոց, 500 մանկապարտեզ» և «Ակադեմիական քաղաք» ծրագրերը։

«Այսօրվա շատ խնդիրներ մենք պետք է լուծենք մանկապարտեզ և դպրոց կառուցելով։ Այսօրվա մեր բոլոր խնդիրների լուծումը ես տեսնում եմ կրթության ոլորտում ներդրում անելու մեջ»,– շեշտել է երկրի ղեկավարը։