AM
29 Նոյեմբեր 2025 - 07:24 AMT

Դանիելյան․ Օդի աղտոտվածության հարցը լուծելու փոխարեն, աշխարհագրությունից են խոսում

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մայրաքաղաքի օդի աղտոտվածությանը՝ որպես պատճառ նշելով լայնածավալ շինարարությունը, կանաչ տարածքների զանգվածային ոչնչացումը և իշխանությունների անպատասխանատու վարքագիծը։

Ըստ նրա՝ իշխանությունները փոխանակ անհապաղ միջոցներ ձեռնարկեն հարցը լուծելու ուղղությամբ՝ ներկայացնում են անհասկանալի արդարացումներ՝ խնդրի պատճառ ներկայացնելով տարածաշրջանի աշխարհագրությունը, «կարծես թե իրենք չեն մայրաքաղաքի ամեն ազատ անկյունում շինթույլտվություն տալիս, առողջ ծառերի զանգվածային հատումներ իրականացնում»։

«Վերջին շրջանում բարձրաձայնվում է մայրաքաղաքում օդի աղտոտվածության բարձր մակարդակի մասին։ Ցավոք, մտահոգությունները տեղին են, այդ մասին փաստում են «Հիդրօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տվյալները, IQAir ընկերության ցուցանիշները։

Վտանգված է մեր քաղաքացիների, ծնողների, երեխաների առողջությունը։

Մայրաքաղաքի որոշ թաղամասերում տարբեր օրերի գրանցվում է օդի աղտոտվածության աննախադեպ շեմ։ Վերջին օրերին Ավան-Առինջում 708 բալ է գրանցվել, ինչն ամենաբարձրն է ամբողջ աշխարհում։

Այսպիսի տեմպերով Հայաստանը շուտով կգլխավորի օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակն ունեցող երկրների ցանկը»,–գրել է նա։

Դանիելյանը հավելել է, որ շինարարություն իրականացնելիս օդային ավազան փոշու արտանետումների քանակը նվազեցնելու նպատակով՝ շինարարական ընկերությունները պարտավոր են շինհրապարակում օրվա ընթացքում մի քանի անգամ իրականացնելու ջրցանի կատարում, ինչպես նաև՝ ավազը տեղափոխել փակ պայմաններում, շինարարական մակերեսները փակել պաշտպանիչ ցանցերով։

«Արդյոք վերահսկվո՞ւմ են այս նորմերը։ Ինքներս ականատեսն ենք լինում, որ ոչ հաճախ։ Օդի աղտոտվածության պատճառ են նաև ավտոմեքենաների՝ առանց կատալիզատորների շահագործումը, խցանումները, աղբավայրերը, հանքերը։

Վերջին օրերին ՀՀ տարբեր շրջաններում բռնկված լայնամասշտաբ հրդեհներն էլ ավելի են նպաստում օդի աղտոտվածությանը։

Նշեմ, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ օդի աղտոտվածությունը տարեկան մոտ 8 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում։

Սա կարող եք ընդունել որպես ահազանգ և զգուշացում։ Գործ ունենք հանրության առողջության, մարդկային կյանքերի հետ։ Իշխանությունների կողմից նման անպատասխանու վերաբերմունքը դատապարտելի է։ Միլիոնավոր դոլարներն են վատնվում զանազան համերգների, փառատոնների վրա, բայց անչափ կարևոր այս խնդիրը անտեսվում է քաղաքային իշխանությունների կողմից։

Սիրելի քաղաքացիներ, մենք պետք է պահանջենք, որպեսզի գործուն քայլեր ձեռնարկվեն օդի աղտոտվածության բարձր մակարդակը նվազեցնելու ուղղությամբ։ Դա իրենց պարտականությունն է, ինչից խուսափել չի ստացվելու»,- գրել է Դանիելյանը։

Ավելի վաղ Ավինյանը գրել էր, որ «օդի աղտոտվածությունն այս տարածաշրջանում ունի խիստ սեզոնային բնույթ և պայմանավորված է առավելապես աշխարհագրական գործոններով՝ օդային զանգվածների շրջանառությամբ, չոր անտիցիկլոնային եղանակով և գլխավորապես հարավ-արևելքից չոր, փոշոտ օդային զանգվածների մուտքով և ռելիեֆային պայմաններով»։