Արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները դեռ ընթանում են, և մինչ այս պահը Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի անդրադարձել Անկախության հռչակագրին հղման հարցին, հայտնում է «Ազատությունը»։
Նա ասել է, որ այդ հարցում վարչապետի դիրքորոշումը չեն կարող հաշվի չառնել:
«Խորհրդում դեռ այս հարցին չենք հասել։ Ժամանակի ընթացքում, երբ որ արդեն քննարկվի, այդ հարցն էլ քննարկվի, կտեղեկանաք: Բայց այս պահին դեռ խորհրդում այդ հարցը քննարկման առարկա չի դարձվել, քանի որ ձևակերպումների մակարդակով առնվազն մենք դեռ առաջարկ այս պահին չունենք իրենց ներկայացնելու», – ասել է նա։
Հարցին, թե ինքն անձամբ ինչ դիրքորոշում ունի այդ հարցում և արդյոք կարծում է, որ հղումը պետք է մնա նախաբանում, Դադունցը պատասխանել է, որ խնդիրը նախ պետք է խորհրդում քննարկվի։
«Մենք խորհրդում պետք է այդ հարցը քննարկենք և տեսնենք, կարծում եմ՝ տարբեր տեսակետներ կլինեն, քանի որ խորհրդում տարբեր շրջանակներից են ներկայացված. և տարբեր մասնագետներ կան, իրենց կարծիքը իհարկե կարևոր է, և կսպասենք այդ քննարկումներին»,–ասել է նա։
Փոխնախարարը պատասխանել է նաև այն հարցին, թե իր համար ի՞նչը պետք է հիմք լինի այն հանել կամ թողնելու հարցում։
«Դե հիմքը, եթե չեմ սխալվում, վարչապետը նաև սրան անդրադարձել է իր ելույթներում, և այո, այդ խորհուրդը վարչապետի որոշմամբ է ստեղծվել, հետևաբար վարչապետի կողմից առաջ քաշվող թեմաները անպայման պետք է քննարկվեն այնտեղ»,–ասել է նա։
Դադունցին նաև հարցրել են, թե կարո՞ղ է վարչապետի դիրքորոշումը նաև պատճառ կամ հիմք դառնալ, որ ինքն ամեն դեպքում գա այդ եզրահանգմանը, որ պետք է հանել։
«Մենք՝ որպես Արդարադատության նախարարություն, ինչպես գիտեք, մենք ենք առաջարկում թեմաները խորհրդին, խորհրդի անդամները ևս բաց են թեմաներ առաջարկելու առումով, բայց այսքան ժամանակ մեկ-երկու դեպք է եղել, որ ներկայացրել են։ Հհիմնականում առաջարկներով հանդես է գալիս Արդարադատության նախարարությունը։
Շատ հնարավոր է, որ այդ փուլին, իհարկե, հասնենք, ես այս պահին չեմ կարող ասել, դեռ անձամբ այդ հարցը նախարարի հետ չենք որոշել երբ և ինչպես, բայց քննարկումները, իհարկե, որ տանեն դրան, այդ հարցը կքննարկվի։ Ամեն դեպքում, ինչպես նշեցի, վարչապետն էլ այդ մասին արդեն հրապարակային նշել է, իր կարծիքը նշել է։
Եթե խորհուրդը նկատի ունեք, խորհրդում քվեարկություն է իրականացվում յուրաքանչյուր հարցում։ Խորհուրդն է հաստատում, այսինքն՝ տեքստը ներկայացվում է խորհրդի քվեարկությանը»,–ասել է փոխնախարարը։
Նրան հարցրել են, թե տեքստ գրելիս հաշվի կառնե՞ն վարչապետի դիրքորոշումը։
«Դե չենք կարող հաշվի չառնել, որովհետև մենք գործադիր իշխանություն ենք, և նախարարությունը ներկայացնելու է իր առաջարկը։ Եթե կլինեն այլ առաջարկներ խորհրդի այլ անդամների կողմից, ինչը չի բացառվում, իհարկե կքննարկվի։ Նման դեպքեր եղել են, երբ նախարարությունը մի բան է առաջարկել, խորհրդի անդամը՝ այլ բան, և դրվել է քվեարկության»,–ասել է Դադունցը։
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ավելի վաղ նշել է՝ Սահմանադրության նոր նախագիծը նախատեսվում է պատրաստել մինչև 2026 թվականի մարտը։
Անկախության հռչակագրին հղման հարցը շարունակում է դիտարկվել որպես Սահմանադրական բարեփոխումների գործընթացի առանցքային խնդիրներից մեկը։ Ադրբեջանը բազմիցս հրապարակայնորեն հնչեցրել է իր պայմանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար Երևանը պետք է Սահմանադրությունից հանի հղումը 1990-ի Անկախության հռչակագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հանդես է եկել հղման հեռացման գաղափարի օգտին, սակայն պնդել է, թե դրա կապը Ադրբեջանի հետ չկա։
Վերջերս էլ վարչապետը հավելել է, որ գործող Սահմանադրությունն ու իրավակարգը, ըստ իր դիտարկման, նույնքան ատելի են ժողովրդի համար, որքան նախկին ժամանակաշրջանների կարգերը։






