AM
29 Նոյեմբեր 2025 - 09:56 AMT

Աբրահամյան. Զինծառայության Ժամկետի կրճատման խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման ծրագրի հետ կապված ռիսկերին՝ նշելով, որ խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը։

Նա նշել է, որ վարժական հավաքներին մոտ 16, 000 մարդ է մասնակցել, իսկ 2026–ին արդեն 20,000 պիտի մասնակցի։

«Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման քննարկումների ժամանակ մի հետաքրքրական ցուցանիշ ներկայացվեց, որը հաջորդող օրերին առանձնապես չքննարկվեց:

ՊՆ-ն նշեց, որ այս տարի 25-օրյա վարժական հավաքներին մոտ 16, 000 մարդ է մասնակցել, իսկ այս թիվը 2026-ի համար պլանավորվել է մոտ 20,000։

Հիշեցնեմ, որ այդ 25 օրերից 14-ը` մարտական հերթապահությունն է, որով ծածկվում է համալրման հետ կապված խնդիրների մի մասը:

Ժամկետի կրճատումով պլանավորված խնդիրներն արտահայտվելու են 2027-ի ամռանը, երբ 1.5 տարով զորակոչվածների առաջին զորակոչը կզորացրվի և առկա բազմաթիվ խնդիրներն ավելի կխորանան: Իշխանության համար բանակն ունենալու խորհրդանշական դեր և ամբողջ հաշվարկն այն է, որ մեզ չեն սպառնա կամ չեն հարձակվի»,–գրել է նա։

2026–ի հունվարի 1–ից պարտադիր զինծառայության ժամկետը 6 ամսով կկրճատվի և զորակոչիկները 2 տարվա փոխարեն կծառայեն 1․5 տարի։