Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել է, որ ավարտվել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի` կաշառքին առնչվող գործի քննությունը։
Ղուկասյանը, որը մի քանի ամիս է ղեկավարել քաղաքը, մեղադրվում է քաղաքային ճարտարապետի միջոցով Գյումրիի բնակչից իր ինքնակամ կառուցված շինությունը օրինականացնելու դիմաց կաշառք պահանջելու մեջ, գրում է Auroranews.am-ը։
Ղուկասյանը չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը։
Գործը մոտ ժամանակում կուղարկվի դատարան։
Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանն Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանի դիմացից ուղիղ եթերում բողոքել է իր պաշտպանյալի պահման պայմաններից։
Նրա փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանն ունի տեսանելի առողջական խնդիրներ՝ նա գունատ է, զգալի նիհարել է, և ինքն ունի լուրջ կասկածներ, որ խցում նրա անվտանգությունը չի ապահովվում։ Փոստանջյանը դիմել է Քրեակատարողական ծառայության պետ Արմեն Թամարյանին՝ պահանջելով ցույց տալ այն խուցը, որտեղ պահվում է Ղուկասյանը, հայտնում է Aravot.am-ը։
Նա նշել է, որ ունի մտավախություն, թե նույն խցում կարող են գտնվել նոր կալանավորներ, որոնք կարող են վտանգ ներկայացնել իր պաշտպանյալի համար՝ հիշեցնելով, որ տարիներ առաջ Ղուկասյանի նկատմամբ մահափորձ է տեղի ունեցել, որի հանգամանքները մինչ օրս չեն բացահայտվել։
«Ես չգիտեմ՝ պարոն Ղուկասյանին որ խցում են պահում ու ում հետ են պահում։ Պարոն Ղուկասյանը դիմել էր, որ իրեն տեղափոխեն այնպիսի խուց, որտեղ պահվում են իր կարգավիճակին համապատասխան մարդիկ, մինչդեռ իր խնդրանքը մերժվել էր։ Խնդրում եմ պարզաբանել՝ ինչու է մերժվել իր խնդրանքը։ Եվ մինչև հիմա դուք ինձ չեք պարզաբանել, թե պարոն Ղուկասյանը ո՞ւմ հետ և ի՞նչ պայմաններում է գտնվում խցում։ Այն պայմանները, որտեղ նա պահվում է, անտանելի են ուղղակի։ Այդ մասին որոշ տվյալներ գրավոր հայտնել եք, նաև հայտնել եք, որ նա պահվում է ծխողների հետ միասին մոտ 15 քառակուսի մետր խցում։ Եվ այդ նույն խցում է գտնվում զուգարանը, որն անջատվում է մնացած տարածքից ուղղակի վարագույրով»,-ասել է Փոստանջյանը։
Հոկտեմբերի 20–ին ԱԱԾ և Ոստիկանության ծառայողները խուզարկություններ էին իրականացրել Գյումրու քաղաքապետարանում, ինչից հետո ձերբակալվել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և քաղաքապետարանի ևս յոթ աշխատակից։ Վարդան Ղուկասյանի նկատմամբ ընտրվել է կալանք՝ 2 ամիս ժամկետով։






