Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները, ռազմավարական ծրագրերն ու առաջիկա առաջնահերթությունները։
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նախարարության ռազմավարական նոր տեսլականին, ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին, նոր Սահմանադրության մշակման աշխատանքներին, ինչպես նաև հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումներին։
Քննարկվել են նաև մարդու իրավունքների, անձնական տվյալների պաշտպանության, քրեակատարողական համակարգի և պրոբացիայի ծառայության բարեփոխումները, ինչպես նաև արդարադատության ոլորտում ընթացող թվայնացման օրակարգը։
Գալյանն ընդգծել է, որ մշակվել է նախարարության համագործակցության քարտեզագրման փաստաթուղթը՝ միջազգային գործընկերների հետ փոխգործակցության առավել նպատակային ուղղությունները հստակեցնելու նպատակով։
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել նաև ԵՄ պատվիրակության ղեկավար՝ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Միջազգային կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց կողմից արդեն իրականացվող ծրագրերը, որոնք համահունչ են քարտեզագրման փաստաթղթում նշված առաջնահերթություններին, ինչպես նաև հարցեր ուղղել նախարար Գալյանին՝ նախատեսվող բարեփոխումների վերաբերյալ։
Նախարարն ընդգծել է նման քննարկումների անցկացման կարևորությունը՝ որպես գործնական գործիք ոլորտային համագործակցության խորացման, թափանցիկության բարձրացման և իրավունքի գերակայության սկզբունքի վրա հիմնված արդարադատության համակարգի կառուցման համար։






