Հայ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հունիսի 20-ին ելույթ կունենա Բոստոնի Սիմֆոնիկ դահլիճի Boston Pops Orchestra-ում: «Հայկական երեկո» ամենամյա 58-րդ փառատոնի շրջանակներում քսանամյա երաժիշտը կկատարի հատվածներ Արամ Խաչատրյանի «Գայանե» եւ «Սպարտակ» բալետներից, Միխայիլ Իպպոլիտով-Իվանովի «La Procession du Sardar», հատվածներ Մորիս Ժարի «Դոկտոր Ժիվագոյից», Պյոտր Չայկովսկու «Վարիացիաներ ռոկոկոյի թեմայով»:
Նարեկ Հախնազարյանը ծնյվել է 1988թ. Երեւանում, երաժիշտների ընտանիքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է Կոմիտասի անվ. երաժշտական դպրոցում` Զառա Սարգսյանի դասարանում, իսկ 12 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել Մոսկվա, որտեղ հետագայում ավարտել է կոնսերվատորիա` Ալեքսեյ Սելեզնյովի դասարանը: Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանն այսօր մենակահամերգներով հանդես է գալիս Վեստմորլանդի, Սեյնտ Վինսենտ քոլեջի, Lincoln County Concert Association-ի, Patrons for Young Artists-ի, The Paramount Thatre and The Colonial Thatreի նվագախմբերի հետ: