Կաննի կինոփառատոնում «Արարատ» ֆիլմի ցուցադրումը, որը նկարահանել է հայազգի կանադացի հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը, առաջացրել է թուրքական իշխանությունների բուռն վրդովմունքը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Թուրքիայի մշակույթի նախարարը դատապարտել է ֆիլմի ցուցադրումը: Նրա կարծիքով, «պրոպագանդիստական կինոնկարը ագրեսիվ է իր բովանդակությամբ եւ ավելի է բարդացնում հայ-թուրքական հարաբերությունները»: «Անթույլատրելի է օգտագործել կինոյի հնարավորությունները պատմական ճշմարտության աղավաղման եւ երկու ժողովուրդների միջեւ թշնամական զգացմունքների բորբոքման նպատակով»,- հայտարարել է նախարարը: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, այդ ֆիլմի ցուցադրման դեմ բողոքով է հանդես եկել նաեւ Թուրքայի պետնախարար Կարակոյունլուն, որի կարծիքով «դա հայերի կողմից տարվող հակաթուրքական արշավի եւս մի վկայություն է»: Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանատունը ֆիլմի ցուցադրումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր ափսոսանքն է հայտնում, «որ իրականության եւ ֆանտազիայի խառնուրդը արվեստը դարձնում է պրոպագանդայի գործիք, ինչը ատելություն է սերմանում թուրքերի հանդեպ այնպես, ինչպես ժամանակին ամերիկացի ռեժիսոր Ալան Պարկերի «Կեսգիշերային էքսպրես» աղմկահարույց ֆիլմը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: