AM
30 June 2003 - 18:00 AMT

ՀՈՒԼԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2003 թվականի հուլիսի վերջին Հայաստանն ու Վրաստանը միջկառավարական համաձայնագիր կստորագրեն սահմանային ոլորտում համագործակցության վերաբերյալ: Ինչպես լրագրողներին է հայտնել Վրաստանի պետական սահմանի պահպանության պետդեպարտամենտի նախագահ Վալերի Չխեիձեն, պայմանվորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Թբիլիսի կատարած այցի ընթացքում: Չխեիձեի խոսքերով, համագործակցությունը սահմանային ոլորտում ենթադրում է օպերատիվ տեղեկատվության փոխանակում: «Կբացվեն նաեւ համատեղ սահմանա-անցագրային կետեր դոնոր երկրների ֆինանսական աջակցությամբ»,-ասել է նա: Վ.Չխեիձեն հաղորդել է, որ կողմերը պայմանավորվել են նաեւ ակտիվացնել սահմանազատման աշխատանքները վրաց-հայկական սահմանում: Ինչպես օրերս այդ առիթով հայտարարել էր Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, այդ աշխատանքը պետք է ավարտվի մինչեւ 2004 թվականի վերջը: «Ի տարբերություն մյուս երկրների, Հայաստանի հետ մենք չունենք տարաձայնություններ այդ հարցի վերաբերյալ»,-ասել է նա: Նշենք, որ վրաց-հայկական սահմանի երկարությունը կազմում է 206 կիլոմետր: