Վրաստանի հայաբնակ Ջավախքում չի հաջողվել անցկացնել Ախալքալաքում ծնված 19-րդ դարավերջի-20-րդ դարի սկզբի հայտնի գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցին նվիրված հանդիսավոր միջոցառումները:
Հայ ակտիվիստների մի խումբ ցանկություն էր հայտնել նշել գեղանկարչի հոբելյանը Ախալքալաքում:
Կազմակերպիչները նախատեսում էին Սուրենյանցի 12 նկարների պատճենների ցուցադրություն, հուշատախտակ տեղադրել այն տան պատին, որտեղ ժամանակին ապրել է նկարիչը, ինչպես նաեւ նշել նշանավոր տարեթիվը «Կարին» պարային համույթի ելույթով:
«Վերջին պահին Ախալքալաքի քաղաքապետարանը մերժեց մեզ, թույլ տալով միայն հուշատախտակի տեղադրումը: Այստեղ ակնհայտ է Վրաստանի ազգային անվտանգության ծառայության ձեռագիրը»,-ասել է չկայացած միջոցառման կազմակերպիչներից մեկը, «Կարին» համույթի գեղարավեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Մերժման պատճառով, արդեն ճանապարհ ելած «Կարին» համույթը ստիպված էր վերադառնալ Երեւան: