AM
30 June 2003 - 18:01 AMT

«ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՀԱՎԱՏԱԼ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԲԱՐԻ ԿԱՄՔԻ» ԴՐՍԵՎՈՐՄԱՆ ՊԱՏՐԱՆՔԻՆ

Արտերկրի հայկական կազմակերպություններն ու կառույցները չպետք է տեղի տան պաշտոնական Անկարայի խարդավանքներին, որը ձգտում է Միացյալ Նահանգների եւ Եվրամիության մոտ Հայաստանի նկատմամբ «բարի կամքի» դրսեւորման պատրանք ստեղծել: Այդ մասին ասվում է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի քաղաքական հարցերի կենտրոնական գրասենյակի հայտարարության մեջ: Կուսակցությունը կոչ է արել հայկական կողմին լինել հետեւողական եւ չվտանգել հայության եւ Հայաստանի շահերը, ինչով եւ ղեկավարվել է մինչ այժմ: Փաստաթղթի համաձայն, Թուրքիայի իշխանությունները վերջերս նոր թափ են հաղորդել իրենց վարած հակահայկական քաղաքականությանը` երկրի դպրոցական ծրագրերում ընդգրկելով Հայոց ցեղասպանության ուրացման ակտիվ քարոզչությունը: Անկարայի կողմից ցուցադրվող կեղծ բարեացակամությունը Հայաստանի նկատմամբ, ՀՅԴ-ի կարծիքով, դրսեւորվել է վերջերս Կարսում Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարության մեջ այն մասին, թե իր երկրի կառավարությունը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից է` պայմանով, որ հայերը հրաժարվեն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հետամուտ լինելուց: Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Դաշնակցությունը բազմիցս հայտարարել է, որ կողմ է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների զարգացմանը` միայն պատմական ճշմարտությունն ընդունելու դեպքում: «Հայ-թուրքական որեւէ երկխոսություն կարդյունավորվի միայն Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության փաստը ճանաչելուց, Հայաստանի նկատմամբ շրջափակումը վերացնելուց եւ Արցախի հարցում իր կողմնակալ դիրքորոշումը փոխելուց հետո»,- նշվում է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ: