AM
26 June 2009 - 09:30 AMT

Նոր դպրոց է կառուցվում Արցախի Վաղուհաս եւ Խնկավան համայնքների համար

«Հայաստան» հիմնադրամը դպրոցաշինական ծրագիր է ծավալել Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում: Ծրագիրն իրականացվում է ԼՂՀ կառավարության եւ անհատ բարերարների համատեղ հովանավորությամբ. ամենախոշորը գործարար Սամվել Ալեքսանյանի ներդրումն է:

Շուրջ 670 բնակիչ ունեցող Վաղուհաս hամայնքի հյուսիս-արեւմտյան տարածքում կառուցվում է երկհարկանի դպրոց, որտեղ կսովորեն նաեւ հարեւան Խնկավան համայնքի դպրոցականները: Դպրոցը նախատեսված է 240 աշակերտի համար:

«Վաղուհասը Արցախյան գոյամարտից մեծապես տուժած գյուղերից է: Ուզում եմ հավատալ, որ դպրոցի կառուցումը վերածնվող համայնքի համար կդառնա նոր ձեռքբերումների սկիզբ ու կնպաստի գյուղի կրթական որակի բարձրացմանը»,- ասում է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Համայնքի ղեկավար Գարեգին Ղարախանյանը դպրոցի կառուցումը որակեց որպես Վաղուհասի փոքր համայնքին մեծ հավատ ներշնչող նախաձեռնություն: Նա հույս հայտնեց, որ համայնքի ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները կշարունակվեն, ու Վաղուհասը կվերագտնի իր երբեմնի աշխուժությունը:

Հիշեցնենք, որ Հեռուստամարաթոն 2005-ի շրջանակում Մարտակերտի շրջանի տարածքային զարգացման համար հավաքված գումարով եւ անհատ բարերարների հովանավորությամբ, այսօր Մարտակերտի Դրմբոն, Կոճողուտ, Վերին Հորաթաղ եւ Մատաղիս համայնքներում գործում են նոր եւ ժամանակակից դպրոցներ, իսկ Մարտակերտի մայր ջրատարը եւ Վաղուհաս, Վանք գյուղերի նորակառույց ջրագծերը լուծել են շրջանի բնակչության բազմաթիվ կենցաղային եւ կենսաապահովման խնդիրներ: