Հունիսի 26-ին Բեռլինի հայկական համայնքում արտիստ Ստեփան Գանտրալյանը ներկայացրել է «Ժամանակակից հայկական թատրոնը» թեմայով զեկույցը եւ իր կարծիքն է կիսել համահայկական թատերական նախագծի վերաբերյալ, որի շրջանակներում բեմադրվել էր «Առանց վերադարձի իրավունքի» ներկայացումը: Ներկայացման պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի 23-ին Երեւանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: Վերջինիս մասնակցել են Արմեն Ջիգարխանյանը, Սամվել Մուժիկյանը (Ռուսաստան) եւ Ստեփան Գանտրալյանը (Գերմանիա), Նորա Արմանին (Բրիտանիա), Արմինե Հովհաննիսյան (Բելառուս):
«Հայաստանում ներկայացման մասին կարծիքները կիսվել են: Մեր ելույթները համընկել են որոշ քաղաքական գործընթացների հետ, եւ հասարակությունը մեր ներկայացմանը քաղաքական ենթատեքստ հաղորդեց: Բայց չէ-որ արվեստը քաղաքականության արտացոլումը չէ: Ժամանակակից հնարքները չեն որոշում թատրոնի ժամանակակից լինելը: Հարկավոր է ժամանակակից մոտեցում եւ համապատասխան հասարակություն»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին ասել է Ստեփան Գանտրալյանը:
Ներկայացման մեջ գլխավոր դերերից մեկը կատարող Գանտրալյանը նաեւ նշել է, որ ինքը քաջատեղյակ է ինչպես հին հայկական, այնպես էլ ժամանակակից թատրոնին, քանի որ Հայաստանում բավականին երկար է ապրել:
«Ես Հայաստանում ապրել եմ 30 տարի: Եվ կարծում եմ, որ իրավունք ունեմ զուգահեռներ անցկացնել ժամանակակից եւ հին թատրոնի միջեւ, խոսել թերությունների եւ առավելությունների մասին», – ասել է Ստեփան Գանտրալյանը: