«Էրասմուս մունդուս» ծրագրի հիմնական նպատակն է` կազմակերպել մագիստրոսի, բակալավրի եւ ասպիրանտի աստիճան ունեցող ուսանողների փոխանակություն, լրագրողներին հաղորդել է ծրագրի համակարգող Տանյա Պապիկին: Բացի դրանից, նրա խոսքով, ծրագրին կարող են մասնակցել գործընկեր-երկրների կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրավաբաններ: Ինչպես հաղորդել է Պապիկին, այդ ծրագիրը մեկնարկել է 2007թ. եւ այժմ գտնվում է իրականացման գործընթացում: «Արդեն լավ արդյունքներ կան, քանի որ այն թույլ է տալիս որոշակի կրթական կամուրջ ստեղծել, որովհետեւ Հայաստանը միայն գործնականում է կիրառում կրթության կրեդիտային համակարգը»,- ասել է նա: Այդ առիթով ծրագրի համակարգողն ավելացրել է, որ նման ծրագիրը թույլ է տալիս լավագույն ուսանողներին ներգրավել Եվրոպայի արդյունաբերական ձեռնարկություններում եւ հակառակը:
Պապիկին նշել է, որ «Էրասմուս մունդուս» ծրագիրն արտասահմանում մասնագիտական կրթություն ստանալու այլընտրանք է:
Երեւանում ԵՄ «Էրասմուս մունդուս» ծրագրի` Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի համար ուսանողների փոխանակության կատարելագործման հարցում արտաքին համագործակցության պատուհանի շրջանակներում կայացել է գործընկեր-համալսարանների խորհրդաժողովը: Հանդիպմանը պարգեւատրվել են երկու լավագույն ուսանողներ` մագիստրոս եւ բակալավր, որոնք ուսում են ստացել արտասահմանում: Հանդիպումները կկայանան նաեւ Գյումրիում եւ Գավառում, իսկ հունիսի 3-ին կկայանա տվյալ ծրագրի նոր փուլի շնորհանդեսը: Հանդիպման նպատակը Անդրկովկասի եւ ԵՄ երկրների միջեւ համագործակցության ամրապնդումն ու խորացումն է բարձրագույն կրթության ոլորտում, գործընկեր-համալսարաններ ուսանողների եւ դասախոսական կազմի փոխանակության զարգացումը, բազմակողմանի գիտահետազոտական աշխատանքների կազմակերպումը:
Տվյալ ծրագիրը համակարգվում է Սալոնիկ քաղաքի Ալեխանդրո Կրության տեխնոլոգիական ինստիտուտի կողմից եւ ներառում է 11 բարձրագույն ուսումնական հաստատություններ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Նիդեռլանդներից, Լատվիայից եւ Բուլղարիայից:
Հայկական համալսարաններից այդ ծրագրում գործադրված են Երեւանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողները: