Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմաիլ Ջեմը պաշտոնական Երեւանի առջեւ մի շարք կոշտ նախնական պայմաններ է դրել` դիվանագիտական հարաբերություններ հաստաելու եւ Հայաստանի տրանսպորտային շրջափակումը հանելու համար: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Անկարայում հրատարակվող «Հյուրրիեթ» թերթը, Ռեյկյավիկում կայացած, Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Իսմաիլ Ջեմը հայտարարել է, թե Հայաստանը պետք է չորս պարտադիր պայման կատարի: Առաջին հերթին, Երեւանը, նրա խոսքերով, պետք է հրաժարվի ցեղասպանության քաղաքական գաղափարից, ընդունելով, որ այդ հարցով պետք զբաղվեն բացառապես պատմաբանները: Թուրքական կողմը նաեւ պահանջել է հանել Հայաստանի սահմանադրությունից այն կետերը, որոնք այսպես թե այնպես կապված են Թուրքիային ներկայացվող տարածքային պահանջների հետ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարի խոսքերով, Հայաստանը պետք է ազատի «գրավյալ» տարածքները եւ «անվտանգության միջանցք» ստեղծի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ: Միեւնույն ժամանակ Իսմաիլ Ջեմը Հայաստանի ուշադրությունն է գրավել այն փաստի վրա, որ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է եւ մտադիր է «աջակցել» ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: Նրա խոսքերով, ԱՄՆ-յում սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունից հետո «իրավիճակը Լեռնային Ղարաբաղում հատուկ նշանակություն է ձեռք բերել»: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ցանկություն է հայտնել, որ ՆԱՏՕ-ի հակաահաբեկչական գործողությունները Թուրքիայի մասնակցությամբ տարածվեն նաեւ Կովկասի տարածքի վրա:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: