Այսօր նախագահի նստավայրում տեղի է ունեցել մաթեմատիկայի «Կենգուրու» միջազգային մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողությունը: Մրցույթը անցել է «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության հովանավորությամբ:
Հաղթողներին հանձնվել են մեդալներ եւ Բրյուսելում միջազգային ամառային ճամբարի ուղեգրեր:
«Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ մասնակցության եւ հաղթանակի համար: Խորը եւ հիմնավոր գիտելիքները, սերը ուսման հանդեպ լավ նախադրյալներ են ստեղծում հետագայում լավ մարդ եւ քաղաքացի դառնալու համար, ինչը ձեզ հնարավորություն կտա ուժեղ լինել եւ դիմակայել կյանքի դժվարություններին: Ապագան ձեզ է պատկանում: Ես վստահ եմ, որ դուք կլինեք ձեր երկրի արժանի քաղաքացիներ»,-ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, դիմելով մրցույթի մասնակիցներին:
«Կենգուրու» մրցույթին մասնակցել են Հայաստանի 570 դպրոցների 30 567 աշակերտներ:
Մրցույթի նպատակն է մաթեմատիկայի հանդեպ համընդհանուր հետաքրքրության բարձրացումը:
Հանդիպմանը ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Նախագահի հետ հանդիպումից հետո մրցույթի մասնակիցներին սբ.Էջմիածնում կընդունի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Այնուհետեւ նրանք կայցելեն Մեսրոբ Մաշտոցի եկեղեցի Օշականում: