AM
4 July 2009 - 08:44 AMT

Կիեւում հայկական եկեղեցի կկառուցվի

Կիեւի քաղաքապետի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան շենքի վարձակալման պայմանագրի երկարացման վերաբերյալ: Արմեն Խաչատրյանը նաեւ խնդրել է Լեոնիդ Չերնովեցկուն քննարկել դեսպանատան գնման տարբերակը, ինչը նախատեսվում է անել ՀՀ միջոցներով:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին հայտարարել է, թե կնպաստի հայկական դեսպանատան խնդիրների լուծմանը:

Հանդիպմանը քննարկվել է հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածքի տրամադրման հարցը:

«Այսօրվա դրությամբ մենք մի փոքր մատուռ ունենք, որը կարող է միաժամանակ ընդունել ընդամենը 10 մարդու, իսկ հայերի թիվը Կիեւում շուրջ 30 հազար է: Կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում այնտեղ կիրակի օրերին»,-ասել է հանդիպմանը մասնակցող Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը:

Չերնովեցկին խոստացել է Ուկրաինայում ՀՀ դեսպանին քննարկել Արմյանսկայա փողոցում (Խարկովի մասիվ) հողատարածք հատկացնել հայկական եկեղեցու կառուցման համար: